Նյու Դելիում, այսօր՝ փետրվարի 2-ին, դատարանն արագացված կարգով պաշտոնական մեղադրանք է առաջադրել 5 տղամարդկանց, ովքեր 2012-ի դեկտեմբերին դաժանաբար բռնաբարել եւ սպանել են 23-ամյա ուսանողուհի Ջոթի Սինգհին:
Մեղադրյալները հրաժարվել են ընդունել մեղքը: Դատական գործի լսումներն սկսվել են հունվարի 21-ին, այդուհանդերձ, պաշտոնապես դատական գործընթացը կսկսվի փետրվարի 5-ին, հաղորդում է «Վեչերնյայա Մոսկվան»:
Դատարանի ներկայացուցիչները 13 կետից կազմված մեղադրանք են առաջադրել Ռամա Սինգհին, նրա եղբայր Մուքեշին, Բինայ Շարմային, Պավան Հուպտին եւ Աքշավ Սինգհին: Նրանք մեղադրվում են բռնաբարության, սպանության, սպանության փորձի, առեւանգման, ապացույցների վերացման, հանցավոր համաձայնության, կողոպուտի մեջ:
Հանցագործության 6-րդ մասնակիցը հանցագործության պահին անչափահաս է եղել, ուստի նրա գործն առանձին է քննվելու: Մեղադրական եզրակացությունը մի քանի հազար էջ է, որտեղ ներառված են ուսանողուհու մահից առաջ տրված ցուցմունքները, ինչպես նաեւ փորձաքննությունների տվյալներն ու մեղադրյալների ցուցմունքները:
Բռնաբարության եւ սպանության մեջ մեղադրվողներին սպառնում է ընդհուպ մինչեւ մահապատիժ:
Հիշեցնենք, որ 23-ամյա Ջոթի Սինգհն ու նրա ընկերը հարձակման էին ենթարկվել դեկտեմբերի 16-ին, ավտոբուսում: Մի քանի շաբաթ անց աղջիկը Սինգապուրի հիվանդանոցում մահացել էր:





























