2013 թվականին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված աշխատանքների ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն կաճեն: Մասնավորապես, շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում կիրականացվի 2,5 մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգումից հետո փողոցներում ասֆալտի շերտի քանդումը բացառելու նպատակով՝ հանրային սպասարկում իրականացնող բոլոր ընկերություններին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է նախքան աշխատանքների մեկնարկը ավարտել հաղորդուղիների հետ կապված նորոգման եւ հիմնանորոգման նախատեսված աշխատանքները:
«Ծավալները մեծ են եւ ծրագրում ներառված են մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանները: Արդեն իսկ հստակ է նաեւ հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկը, ուստի այդ ցանկը տրամադրեք նաեւ «Երեւանջուր», «Երեւանգազ» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին, որպեսզի նրանք այդ փողոցներում այս տարվա ընթացքում իրականացվելիք իրենց աշխատանքները պլանավորեն այնպես, որ հիմնանորոգումից հետո այլեւս քանդման անհրաժեշտություն չառաջանա:»- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մինչ հիմնական ծրագրի մեկնարկը պատասխանատուներին հանձնարարվել է նաեւ փողոցներում եւ բակային տարածքներում իրականացնել փոսալցման աշխատանքեր:
Կանաչ տարածքների պահպանման եւ ընդլայնաման նպատակով 2013թ-ին մայրաքաղաքում կանցկացվի եւս 20 կմ ոռոգման նոր ցանց: Քաղաքապետը հանձնարարել է այդ մասով աշխատանքների իրականացման ժամանակացույցն այնպես պլանավորել, որ այս տարի նախատեսվող ծառատունկը կազմակերպվի բացառապես ոռոգելի տարածքներում:
Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկողության մասով զեկուցվել է, որ չկատարող մի քանի տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են համապատասխան տույժեր: Պատասխանատուներին հանձնարարվել է հետեւողականորեն շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին Երեւանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ: Բացի այդ, հանձնարարվել է ամենօրյա հսկողության տակ պահել աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների ընթացքը:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաեւ Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:





























