Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հրապարակել է շվեյցարական «Էյ ընդ էմ ռեյր» ընկերության ծրագրի փորձաքննությունը՝ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի մոտ հանքային ջրերի շշալցման գործարան կառուցելու վերաբերյալ:

Հանքային ջրերը պետք է շշալցվեն Ոլաշիկ գետի ավազանի ստորերկրյա հանքային աղբյուրներից: Նշենք, որ Արտավազ գյուղը գտնվում է Երեւանից 80 կմ, իսկ Հրազդանից՝ 30 կմ հեռավորության վրա:

«Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ պատրաստվում է կառուցել ժամանակակից շշալցման գործարան, որտեղ կշշալցվի միջազգային խիստ պահանջներին բավարարող հանքային ջուր: Ընկերությունը պատրաստվում է ներդնել 50 մլն. դոլար: Ներկայացված փորձաքննության մեջ նշված է, որ գյուղի բնակիչներն առարկություն չունեն ծրագրի նկատմամբ, իսկ ընկերությունը խոստանում է նաեւ բարելավել համայնքի բնակիչների սոցիալական վիճակը:

Նշենք, որ «Էյ ընդ էմ ռեյր» ընկերությունը պատկանում է Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսսալամին: ՀՀ կառավարությունը 2011 թ. համաձայնել է շեյխին վաճառել 128 հա անտառ: