«Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունը փոխհատուցում է վճարելու Հայոց ցեղասպանության շուրջ հազար զոհերի ժառանգներին:

Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարությունը օրեր առաջ դիմել է «Աքսա»-ի հետ խնդիրը կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանին: Վերջինս հայտնել է, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կենտրոնական շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից ընդունված որոշմամբ հաստատվել են ընդամենը 996 իրավահաջորդների դիմումները: Այդ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:

Այսպես, հանձնաժողովը ստացել էր 13790 դիմում (մոտ 3840-ը ուղարկվել էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից), որից մերժվել է 12794-ը` համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով: Հասցեատերերի անուններն, ըստ երկրների, դեռեւս ենթակա չեն հրապարակման, սակայն երկու շաբաթվա ընթացքում բոլորին, այդ թվում նաեւ նրանց, ում դիմումները մերժվել են, նամակներ կուղարկվեն: Ըստ Բարսեղ Գարթալյանի՝ որոշումները պատրաստ էին դեռեւս 2009 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացվել է միայն 2010 թվականի հունվարի վերջին:

Խոսքը ընդհանուր առմամբ 17.5 միլիոն դոլլարի մասին է, որից 11 միլիոն 350 հազարը տրվելու է ժառանգներին, իսկ մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների եւ դատական ծախսերի համար: