Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից մշակված չափորոշիչները, որոնցով պետք է կարգավորվի հեռուստեսային եւ ռադիոեթերները, լուրջ քննարկումների առիթ է դարձել: Այս առնչությամբ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը փետրվարի 9-ին լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք ոչ թե արգելում կամ թույլատրում են այս կամ այն հաղորդումը եթեր հեռարձակել, այլ սահմանում են չափորոշիչներ, թե որ հաղորդումները պետք է եթեր հեռարձակվեն ցերեկն ու երեկոյան, որ հաղորդումները` կեսգիշերից հետո: Նրա ներկայացմամբ, իրենց մշակած չափորոշիչները սահմանում են, որ մինչեւ կեսգիշեր չի կարելի ցուցադրել էրոտիկ, սարսափ տեսարաններ պարունակող, պատմական եւ ներկա իրականությունը խեղաթյուրող հաղորդումներ:
Հարցին, թե ի՞նչն է չափանիշ համարվել էրոտիկայի համար, նա պատասխանեց, որ եթե իրենք որոշեին գնալ ուկրաինական տարբերակով եւ 8 էջի սահմաններում նկարագրեին, թե որն է էրոտիկան, դրա համար իրենք պետք է սեռական ոլորտում նեղ մասնագետներ լինեին, սակայն Հանձնաժողովը որոշել է շարժվել հետեւյալ սկզբունքով. «Ինչ չէինք ցանկանա, որ մեր երեխան դիտեր եթերում»: Սակայն այս պարագայում պետք է հաշվի առնել, թե հատկապես ո՞ւմ երեխայի մասին է խոսքը, որովհետեւ օրինակ հեռավոր գյուղերում շատ-շատերը դեմ են, որ հեռուստատեսությամբ ցուցադրվի անգամ կարճ կիսաշրջազգեստով աղջիկ, այնինչ Երեւանում այդ չափանիշը տարբեր է, տարբեր են նաեւ տարբեր ընտանիքների չափանիշները:
Գ. Ամալյանը տեղեկացրեց նաեւ, որ այդ չափորոշիչները ուժի մեջ կմտնեն մոտավորապես մեկ ամսվա ընթացքում, իսկ դրանք խախտելու դեպքում գործելու է պատժի հետեւյալ տեսակները. Գրավոր նախազգուշացում, դրամական տույժ, կասեցում եւ վերջապես լիցենզիայի դադարեցում:




























