«Առանց ուսանողության մեր կրթական համակարգում լուրջ բարեփոխում հնարավոր չէ անել»,- այսօր՝ փետրվարի 5-ին բուհերի ուսխորհուրդների նախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով. «Մենք պետք է հասնենք նրան, որ ուսանողությունը բուհերում լինի որոշող ձայներից մեկը: Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի ուսանողությունը դառնա կրթական բարեփոխումների շոգեքարշներից մեկը»:
ԿԳ նախարարը նաեւ կշտամբել է ՈւԽ նախագահներին՝ Բոլոնիայի կրթական բարեփոխումների մեջ լուրջ մասնակցություն չունենալու համար: «Ես դրդում եմ, ձեզ ստիպում ու խնդրում եմ, որպեսզի ձեզ ընձեռնված հնարավորությունները, որոնք կարող են ձեզ արժեքավոր չթվալ, որովհետեւ արդեն ունեք, լիարժեք օգտագործեք»,- հորդորել է Աշոտյանը՝ այնուհետեւ խորհուրդ տվել օգտագործել այն հանգամանքը, որ այսօր պետական դաշտում ունեն բազմաթիվ գործընկերներ՝ կրթության նախարարից սկսած, վերջացրած փոխնախարարներով ու ԱԺ-ում պատգամավորների այն շարքով, որը ուսանողական դաշտից է եկել օրենսդիր մարմին: «Այսինքն՝ դուք ունեք լոբբիստական գործունեության հրաշալի պայմաններ, մենք մեր ժամանակ այս պայմանների մասին կարող էինք երազել: Մաքսիմալ օգտագործեք այն, ինչ որ դուք ունեք»,- խորհուրդ է տվել կրթության եւ գիտության նախարարը:




























