Հայկական պատվիրակությունը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ժամանել է Մեծ Բրիտանիա: Նախագահական ինքնաթիռը վայրեջք է կատարել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Հայաստանի նախագահին դիմավորողների շարքում են Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանն ու Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահը եռօրյա այցով մեկնել է Մեծ Բրիտանիա: Նրան ուղեկցում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Այցի առաջին օրվա երեկոյան պատվիրակությունը կայցելի Լոնդոնի ժամանակակից արվեստի «Թեյթ» թանգարան, որտեղ ներկա կգտնվի հայկական ծագումով ամերիկացի աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու կյանքին եւ ստեղծագործական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը։ Այնուհետեւ տեղի կունենա Սերժ Սարգսյանի ընթրիքը թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ։ Նախատեսված են նաեւ մասնավոր այցեր։

Այցի երկրորդ օրը նախագահը Բուկինգհեմյան պալատում կհանդիպի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ։ Բացի այդ, նախագահը հանդիպում կունենա Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի եւ թագաժառանգ Չարլզի հետ։ Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, ովքեր Միացյալ Թագավորություն կայցելեն նախագծի շրջանակներում։

Աշխատանքային այցի երկրորդ օրը նշանակված է նախագահ Սարգսյանի ելույթը Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում։ Նախագահը Լոնդոնում հարցազրույց կտա «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը։ Պատվիրակությունը Հայաստան կվերադառնա փետրվարի 11-ի երեկոյան։