ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի փետրվարի 9-ին ծրագրված հանդիպումը ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հետաձգվել է։

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտնել է, որ նախատեսված միջոցառումը տեղի չի ունենա՝ Վաշինգթոնում անցած շաբաթավերջին տեղացած աննախադեպ առատ ձյան պատճառով, ինչի հետեւանքով մայրաքաղաքում ծանր իրավիճակ է ստեղծվել։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հանդիպման նոր ժամկետի մասին տեղեկություններ չկան։

Ամերիկայի հայ համայնքի «Ասպարեզ» թերթը նշել է, թե հետաձգումը պետքարտուղարությանը հնարավորություն կտա հրավիրվածների վիճահարույց ցուցակում փոփոխություններ կատարել։ Լոբբիստական մի շարք կառույցների պնդմամբ՝ հրավիրվածների կազմում ակնհայտորեն նախապատվություն է տրվել նրանց, ովքեր աջակցում են հայ-թուրքական արձանագրություններին։

Ստանալով փետրվարի 9-ին Հիլարի Քլինթոնի հետ հանդիպելու առաջարկը եւ ծանոթանալով հրավիրվածների ցուցակին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը պետքարտուղարին հորդորել է վերանայել կազմը, որում ընդգրկված են եղել Ամերիկայի հայկական համագումարը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան եւ Արեւմտյան թեմերը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը՝ նշելով, որ հրավիրյալների ցանկը չի արտացոլում համայնքի իրողությունները: