ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավարությունը դիմել էր NEWS.am-ի խմբագրությանը` շենքի ջրամտակարարման պարբերական խափանումների հետ կապված:
«Երեւան ջուր» ընկերության պաշտոնական հայտարարությունների համաձայն` Երեւանում ջրամատակարարման տեւողությունը կազմել է 94,5%` 1,7%-ով ավելի նախորդ տարվա ցուցանիշից: Թեեւ առաջընթացն ակնհայտ է, սակայն այս ոլորտում դեռ անհրաժեշտ արդյունքը չկա...
Գիտական կենտրոնի շենքը, որը գտնվում է Պ. Սեւակի փողոցի վրա, օրեր շարունակ զրկված է խմելու ջրից: «Երեւան ջուր» ընկերությանն ուղղված բազմաթիվ բողոքները ոչ մի արդյունք չեն տվել:
Անցած տարվա հունիսին ստացվել է ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի ստորագրությամբ գրությունը, որտեղ որպես ջրամատակարարման խափանման պատճառ է նշվում ջրի ճնշման տատանումը մայր ջրագծում: Նշվում է նաեւ, որ վերկանգնողական աշխատանքների արդյունքում խնդիրը կվերացվի: Սակայն խնդիրը մինչ օրս լուծված չէ:
Հանուն արդարության պետք է նշել, որ «Երեւան ջուրը» մայրաքաղաքում ջրամատակարարման առումով բավականին մեծ աշխատանք է կատարել: Իհարկե, լինում են ընկերության կողմից նախապես հայտարարված ջրամատակարարման դադարեցումներ` կապված վերականգնողական աշխատանքների հետ: Իսկ այդպիսիք քիչ չեն...
Անցած տարվա երրորդ եռամսյակի տվյալներով` գրանցվել է ջրամտակարարման խափանման 311 դեպք` նշված պատճառներով: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է բաժանորդների 57,3 հազ. դիմում, ովքեր բողոքել են ջրամատակարարման խափանումներից:
Ինչ վերաբեում է մայր ջրագծերում ջրի ճնշմանը, ապա նշենք մեկ ուշագրավ փաստ: Հարավ-արեւմտյան թաղամասի («Բանգլադեշի») բնակիչներն արդեն մեկ օրինաչափություն են նկատել ջրամատակարարման հարցում: Հենց «Բանգլադեշին» հարակից Մասիսի շրջանում սկսվում է ոռոգմանն շրջանը, անմիջապես ջրի ճնշումն իջնում է:
Ամեն անգամ ընկերությունը փորձում է լուծել ապօրինի ջրօգտագործման հարցը, սակայն մինչ այժմ տեսանելի ադյունքներ չկան: Մայրաքաղաքում ջրի կորուստներն ահռելի չափերի են հասնում` մինչեւ 80%:






























