Փետրվարի 12-ին Երեւանում տեղի կունենա «Նա/Նե» հինգերորդ մրցույթին նվիրված ցուցահանդես եւ հոբելյանական մրցանակաբաշխությունը, որին կնախորդի մամուլի ասուլիս: Մամլո ասուլիսին կմասնակցեն Երեւանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզը. ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր Մակքոյը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Գրահամ Սթրոնգը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Բադալյանը:
Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն արդեն հինգերորդ անգամ կազմակերպում են Նա/Նե լրագրողական աշխատանքների մրցույթը: 143 լրագրողի ավելի քան 250 աշխատանք այս տարի մրցել են յոթ անվանակարգում` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց հոդված, հանրային թղթակցություն/բլոգ, ֆոտո ռեպորտաժ, առեւտրային գովազդ: Մրցույթի ժյուրին` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը, ArmNews հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, յոթ անվանակարգում ընտրել են 21 լավագույն աշխատանքները:
Մրցույթի գործընկերներն ավանդական անվանակարգերին զուգահեռ սահմանել են եւս 11 հատուկ մրցանակ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մրցանակ կհանձնի «Կանխարգելելի անպտղություն՝ պայմանավորված աբորտով կամ սեռավարակներով» թեմայի լավագույն լուսաբանման համար: Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակն այս տարի կհանձնի երկու մրցանակ` «Մոր եւ մանկան առողջության» թեմայի լավագույն լուսաբանման եւ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, իրազեկում, խտրականության վերացում» թեմային առնչվող լավագույն նյութի համար: ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղը եւս սահմանել է երկու մրցանակ: Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում կտրվի հատուկ մրցանակ «Կանայք եւ երիտասարդները պաշտպանում իրենց համայնքներն աղետներից» թեմայով լավագույն լուսաբանման համար, իսկ Կայուն Կենսապահովման ծրագրի շրջանակում հատուկ մրցանակ` գյուղական համայնքներում կանանց տնտեսական առաջնորդության թեմայով լավագույն նյութի համար: Հանրային լրագրության ակումբն իր մրցանակը կհանձնի լավագույն հանրային թղթակցության հեղինակին, իսկ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտն կառանձնացնի պատերազմի ազդեցությունը կանանց վրա թեմայով լավագույն լուսաբանման հեղինակին: Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը հատուկ մրցանակ կշնորհի կնոջ ակտիվ դերը հասարակական եւ քաղաքական կյանքում թեմայով լավագույն լուսաբանման համար, իսկ Հայաստանի երիտասարդական կանանց ասոցիացիան կպարգեւատրի լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին: Այս տարի եւս կազմակերպիչներն ավանդաբար կհանձնեն «Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակը եւ հատուկ հոբելյանական մրցանակ` ուսուցողական ուղեւորություն Միացյալ Թագավորություն:
«Նա/Նե» հինգերորդ հոբելյանական մրցույթի շրջանակում կազմակերպիչները մրցանակաբաշխության այցելուներին առանձին ցուցահանդեսով կներկայացնեն հինգ տարիների մրցանակակիր նյութերը:





























