Հայաստանում սպառողական գները որոշվում են 470 տեսակի ապրանքների եւ վճարովի ծառայությունների հիման վրա: Այդ անվանացանկը շատ սպառողների համար որոշակի վերացական բնույթ ունի: Օրինակ, կարող է արդյոք շարքային քաղաքացին ձեռք բերել «Audi Q7»` 27,1 մլն դրամով կամ ճաշասենյակի կահույք` 1,3 մլն դրամով:
Չմոռանանք, որ Հայաստանում, անգամ պաշտոնական տվյալներով, աղքատության մակարդակը բավականին բարձր է` բնակչության ավելի քան մեկ երրորդ մասը աղքատ է համարվում:
Անցած տարվա IV եռամսյակում սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը , նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ընդամենը... 0,9%-ով: Միջին ամսական աշխատավարձն աճել է 5,5%-ով, սպառողական գների ինդեքսը կազմել է 104,7%: Ստացվում է, որ «աշխատավարձով» ապրող աղքատների կյանքը պետք է բարելավվեր, սակայն նման բան կարծես չի նկատվում...
Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղում բացակայում են կոնկրետ ոչ պարենային ապրանքներ, ինչպես նաեւ վճարովի ծառայություններ, որոնց ընդհանուր արժեքը որոշվում է ապրանքախմբի նկատմամբ 1,77 գործակցով:
Այդ 1,77 գործակիցը հաշվի է առնում ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների ծավալի իրական հարաբերակցությունը պարենամթերքի արժեքի նկատմամբ: Պարենամթերքն է որոշում զամբյուղի ընդահանուր արժեքը, եւ հենց դրանում է պարադոքսի գաղտնիքը:
«Զամբյուղում» նախատեսված է սպառողական ծախսերի հետեւյալ բաշխումը. 56,5% պարենային ապրանքներ, 43,5%` ոչ պարենային ապրանքներ եւ վճարովի ծառայություններ: Սպառման նման կառուցվածքը, պարենամթերքի գերակայող մասով, հատուկ է ցածր կենսամակարդակ ունեցող «աղքատ» երկրներին: Այնպես որ տվյալ գործոնն արդեն ինքնին նպաստում է զամբյուղի հարաբերական «էժանությանը»:
Ինչ վերաբերում է ապրանքների խմբին, ապա մեծ մասը բաժին է ընկնում հացամթերքին` օրական էներգետիկ արժեքի 60,7%-ը, իսկ մնացած սննդամթերքի տեսակարար կշիռը խորհրդանշական է: Նպատակը պարզ է` հացամթերքը ամենաէժանն է, ինչն էլ նվազեցնում է ապրանքախմբի արժեքը:
Անցած տարվա IV եռամսյակում հացամթերքի միջին գինը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6,2%-ով: Միաժամանակ, մայրաքաղաքում առաջին կարգի հացի միջին գինը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է 8,6%-ով: Տարբերությունը 2,4 տոկոս է: Գուցե տվյալ խմբի մյուս ապրանքներն են էժանացել եւ դրանով փոխհատուցել հացի գնի թանկացումը: Բայց, ավաղ, մյուս ապրանքների գները եւս աճել են, ընդ որում` երկնիշ թվով:
Այսպես, անցած տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացամթերքի ապրանքախմբում միջին մանրածախ գինը երկրում աճել է 10,0%-ով, նոյեմբերին` 10,7%-վ, իսկ դեկտեմբերին` 11,5%-ով: Այսինքն, արձանգրվել է երկնիշ աճ, որը ոչ մի կերպ չի տեղավորվում «զամբյուղում»...
Ինչով է բացատրվում այս տարբերությունը, անհասկանելի է: Հնարավոր է, մեթոդական բնույթի նրբություններ են առկա: Հստակ է մեկ բան. «սխալը» արված է «մինուսի» կողմը...
Ալբերտ Խաչատրյան




























