Հայաստանի եւ Լեհաստանի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը փետրվարի 10-ին երկօրյա այցով ժամանել է Վարշավա: Այցի առաջին օրը նա Ղազինյանը հանդիպել է Լեհաստանի Տնտեսության փոխնախարար, ԵՄ-ի հետ Լեհաստանի տնտեսական համագործակցության պատասխանատու` Մարչին Կորոլեցին: Կ. Ղազինյանը տեղեկացրել է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ տնտեսական համագործակցության ոլորտում ձեռք բերված համաձայնությունների մասին, որոնց խթանմանը մեծապես կարող է նպաստել ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը:

Հայաստանի ԱԳ փոխնախարարը կարեւորել է նշված ծրագրի շրջանակներում «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները: Դրան ի պատասխան, Լեհաստանի Տնտեսության փոխնախարարը առաջարկել է հայկական կողմին Լեհաստանի փորձագիտական աջակցությունը փաստաթղթերի մշակման գործում:

Դրական արձագանքելով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հայկական կողմի առաջարկին, լեհական կողմն առաջարկել է այս տարվա ընթացքում Երեւանում հրավիրել հանձնաժողովի անդրանիկ նիստը` նկատի առնելով այն հանգամանքը, որ երկրորդ նիստը կարող է հրավիրվել 2011 թվականին Վարշավայում, երբ Լեհաստանը կստանձնի ԵՄ նախագահությունը:

Նույն օրը Կարինե Ղազինյանը Լեհաստանի Սեյմում հանդիպել է Լեհաստանի Սեյմի եւ Սենատի Հայաստանի ԱԺ-ի հետ պատգամավորական բարեկամության խմբի անդամներին: Փոխնախարար Ղազինյանը պատասխանել է լեհ պատգամավորների հարցերին` պարզաբանելով հայ-թուրքական հարաբերություններին, Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրներ:

Պատգամավորական խմբի անդամները գոհունակությամբ նշել են, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի 2010թ. Հայաստան կատարելիք այցը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, լեհ եւ հայ ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար: Լեհաստանի Սեյմում տեղի է ունեցել հանդիպում ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Տոմաշ Լենզի հետ: Զրույցի ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկել են ԱԳ ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: