Այսօր` փետրվարի 11-ին Եվրամիության անդամ երկրների առաջնորդները Բրյուսելում քննարկելու են Հունաստանում շարունակվող ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու եւ երկրին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, բյուջեի դեֆիցիտը հաղթահարելու եւ երկրի պարտքերի ծավալը կրճատելու նպատակով Հունաստանի կառավարությունը ներկայացրել էր բյուջեի ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումների իր ծրագիրը, որը դժգոհությունների առիթ էր դարձել։ Երեկվանից Հունաստանում մեկնարկել է 24 ժամ տեւողությամբ գործադուլ. փակվել են դպրոցները, օդանավակայանում կասեցվել են թռիչքները, հիվանդանոցները մատուցվող ծառայությունները սահմանափակել են միայն շտապ բուժօգնության տրամադրմամբ։

Հունաստանի խնդիրները կարող են արժեզրկել եվրոն եւ վնասել եվրագոտու այլ երկրների տնտեսություններին։ Մտահոգիչ են հատկապես Պորտուգալիայի եւ Իսպանիայի տնտեսական ցուցանիշները, որոնք եվրոյի արժեզրկման դեպքում կարող են լուրջ անկում արձանագրել։