Այսօր՝ փետրվարի 11-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Հայաստանի կառավարությունը հաստատել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանի ներկայացրած գենդերային քաղաքականության հայեցակարգը:
Հայեցակարգը նպատակաուղղված է կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ համաշխարհային համաժողովի, 95 թվականին Եվրախորհրդի հանձնակատարների, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների եւ Հայաստանի հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը:
«Պետք է հասարակական եւ քաղաքական կուսակցությունների ուշադրությունը հրավիրենք այս հայեցակարգի վրա: Նպատակն է կանանց դերակատարությունը ավելացնել՝ մեր քաղաքական կյանքում, պետական ապարատում, խորհրդարանում բարձր պաշտոններ զբաղեցնելու առումով, քանի որ այս հայեցակարգի վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ ցուցանիշները մեզ մոտ բավականին ցածր մակարդակի վրա են գտնվում, եւ կանանց ներուժը մենք չենք օգտագործում»,- մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ փաստելով ուսումնասիրությունների արդյունքները։ «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք ավելի լավ են սովորում: Գիտելիքների նկատմամբ ավելի մեծ հակումներ ունեն: Համալսարանում տասը գերազանցիկից 9-ը աղջիկներ են, տղաները կորցրել են ձգտումը սովորելու նկատմամբ, ավելացրել է ձգտումը պաշտոններ զբաղեցնելու առումով»:
Տիգրան Սարգսյանի խոսքով, հայեցակարգը իրականություն կդառնա, եթե քաղաքական կուսակցությունները արձագանքեն հիմնական դրույթներին եւ այդպիսի քաղաքականություն վարեն, ինչը նշանակում է ընտրական ցուցակներում կտրուկ ավելացնել կանանց տեսակարար կշիռը:




























