Հայաստանի իշխանությունների գործելաոճին ծանոթ, Թուրքիային պետք էլ չէ ինչ-որ բարդ սխեմաներ մշակել Հայաստանի հետ առնչություններում` մի փոքր համբերություն` եւ Երեւանը անպայման առիթ կտա Թուրքիային օդից միավորներ վաստակելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Սերժ Սարգսյանին ուղղված պատասխան նամակի փաստը:

Ըստ Կարապետյանի՝ «արձանագրությունների ստորագրման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը պատրաստվում էր բարձրաձայնել Ցեղասպանության խնդրի մասին (ինչը արեց ժամեր անց), ՀՀ Սահմանադրական դատարանի վճիռը օգտագործվում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու»: «Հիմա էլ` Ս. Սարգսյանի հերթական, այս անգամ ուղերձային նախաձեռնությունները` փայլուն հնարավորություն ընձեռեցին ապրիլ 24-ից առաջ Թուրքիայի կողմից ավանդաբար մեղմացող հռետորաբանության մեկնարկի համար»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչն ու հավելեց. «Նայենք այս ամենին ամերիկացու, կամ եվրոպացու աչքերով` իսկապես` կա աշխույժ գործընթաց` դրական տոնայնությամբ ուղերձների փոխանակում, „վճռականություն“՝ բռնած գործը մինչեւ վերջ տանելու եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու: Այսքանից հետո ո՞վ կհանդգնի նախաձեռնել Ցեղասապնության ճանաչման գործընթաց, կամ ճնշում գործադրել կողմերի վրա` արագացնելու վավերացումը»:

Ընդդիմադիր գործիչը նկատեց, որ յուրաքանչյուր տարի գարնան շեմին Թուրքիան նախօրոք մանրակրկիտ մշակված ծրագրով գործողությունների համալիր էր իրականացնում` նպատակ ունենալով վիժեցնել ԱՄՆ, եվրոպական երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացները: «Կռահելով նման մարտավարությունը, Հայաստանը մշտապես հաջողացրել է դիմակայել Անկարայի արհեստականորեն ջերմացող հայտարարություններին, փորձերին անբովանդակ շփումներով մոլորեցնել միջազգային հանրությանը: Այս տարի Սերժ Սարգսյանը ինքնակամ հնարավորություն ընձեռեց Թուրքերին ներկայանալ դրական կերպարով, ինչը եւ չուշացրեց անել Ա. Գյուլը»,- ամփոփեց Վլադիմիր Կարապետյանը: