Հայաստանի նախագահի այցը Մեծ Բրիտանիա շատ նշանակալի իրադարձություն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը:

«Միջոցառումները, որոնց մասնակցել է Հայաստանի նախագահը, վկայում են այդ մասին: Բոլոր միջոցառումները նշանակալից եւ կարեւոր են՝ սկսած թագուհի Եղիսաբեթ 2-րդի հետ հանդիպումից, մինչեւ արքայազան Չառլզի հետ բարեգործական ընթրիքը, որի միջոցները գնալու են Երեւանի կենտրոնում չորս շենքերի վերականգնմանը եւ Արշիլ Գորկու ցուցահանդեսի բացմանը: Մեծ հարգանքի նշան էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի այցը Հայաստանի նախագահի լոնդոնյան կեցավայր՝ հաշվի առնելով, որ այցելությունն աշխատանքային էր»,- նկատել է Վահե Գաբրիելյանը: Նա ընդգծել է նաեւ, որ հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացումը կախված է, թե ինչպես կօգտագործվեն այս այցի արդյունքները:

Խոսելով Մեծ Բրիտանիայի հայ համայնքի մասին՝ Վահե Գաբրիելյանը նշել է, թե Միացյալ Թագավորությունում բնակվող հայերի հստակ թիվ չկա: «Հայ համայնքի թիվը հասնում է 10-ից 20 հազարի»,- նկատել է նա: Ըստ Գաբրիելյանի՝ դեսպանատունը սերտ աշխատում է համայնքի հետ: «Հայերը հաճախ դիմում են անձնագրերին եւ վիզաներին վերաբերվող հարցերով: Իսկ „հին“ համայնքի ներկայացուցիչները դիմում են նաեւ մշակութային հարցերով կամ քաղաքական բացատրություններ տալու խնդրանքով»,- ասել է նա: Դեսպանը նշել է նաեւ, որ Մեծ Բրիտանիայի հայ համայնքը աշխույժ հետաքրքրություն է ցուցաբերում հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին: