Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունել է Նորվեգիայի երիտասարդական ֆեդերալիստներ Ստեյն Ռամաստադին, Իոգրիդ Օյվանին, Թրիովե Լեհնեին, Մորթեն Կլեվելանդին, Բարդ Սքար Վիքենին եւ Ջուսի Ֆլեմինգ Բորոնին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության եւ լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, Ն. Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանի կառուցվածքը, ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքը: Հյուրերին հետաքրքրում էր, թե Հայաստանի օրենսդիր մարմնում որքանո՞վ են պաշտպանված խորհրդարանական ընդդիմության իրավունքները: Տիկին Զոհրաբյանը ներկայացրել է ընդդիմության լիազորություններին եւ իրավասություններին առնչվող օրենքը` նշելով, որ ԱԺ երկու առանցքային հանձնաժողովներ գլխավորում են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Նա տեղեկացրել է, որ վերոնշյալ օրենքի հիմքում դրված է Դոնթի հայտնի սկզբունքը, որով առաջնորդվում են ԵԽ եւ ԵՄ անդամ բազմաթիվ երկրների խորհրդարաններ:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Զոհրաբյանը նշել է, որ ճիշտ կլիներ, որպեսզի Նորվեգիան հավասարակշիռ մոտեցում եւ վերաբերմունք ունենար տարածաշրջանի բոլոր երկրների նկատմամբ: Ըստ տիկին Զոհրաբյանի` Նորվեգիայի շահերը մեր տարածաշրջանում հիմնականում պայմանավորված են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործմամբ, քանզի նորվեգական Stat Oil պետական ընկերության կողմից Ադրբեջանում մեծաքանակ ներդրումներ են արվել նավթամուղի կառուցման եւ շահագործման ոլորտներում:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ քաղաքական գործընթացներում կանանց ներկայացվածության խնդրին: Այս հարցում տիկին Զոհրաբյանը կարեւորել է Նորվեգիայի փորձը` նշելով, որ կանանց ներկայացվածությունը Նորվեգիայի խորհրդարանում եւ կառավարությունում 40 տոկոսից ավելի է:




























