Չինաստանում մարտի 1-ին մահապատժի են ենթարկել բիրմացի թմրաբարոն Նաու Քամին, որը մեղավոր էր ճանաչվել չինաստանցի 13 նավաստիների սպանության մեջ: Նա հետ մահապատժի էին ենթարկվել նաեւ երեք համախոհները, որոնցից մեկը եղել է Թայլանդի քաղաքացի, մյուսը` Լաոսի, իսկ երրորդն էլ քաղաքացիություն չի ունեցել: 

Դատավճիռն ի կատար են ածել Կունմինի բանտում (Յունիանի նահանգ)` մահացու չափաբաժնի ներարկմամբ: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունն ուղիղ եթերում հեռարձակել է, թե ինչպես են բանտարկյալներին իրենց խցերից տարել  մահապատժի վայր:  

Մահապատժից մեկ օր առաջ հանցագործներին թույլ են տվել հանդիպել մերձավորներին: Նաու Քամը խնդրել էր հանդիպում կազմակերպել իր 10 երեխաների հետ, սակայն չէր հիշել նրանց հեռախոսահամարները: Չինական իշխանությունները նրա խնդրանքը փոխանցել էին բիրմացի դիվանագետներին, սակայն վերջիններս չէին հասցրել  գտնել ոչ ոքի: 

Նաու Քամը եւ նրա երեք համախոհները մահապատժի էին դատապարտվել դեռեւս 2012թ. նոյեմբերին: Ըստ դատախազների` Քամն իր խմբի հետ հարձակվել էր չինական երկու բեռնանավերի վրա եւ սպանել անձնակազմի 13 նավաստիների: Քամի հանցախմբին ձերբակալել էին 2012թ. սկզբին հատուկ գործողության ընթացքում, որին մասնակցել էին Չինաստանի, Լաոսի, Մյանմարի եւ Թայլանդի անվտանգության ուժերը, գրում է  «lenta.ru»-ն:

Նաու Քամը զինված ամենախոշոր հանցախմբի եւ ՉԺՀ-ի, Լաոսի, Մյանմարի, Թայլանդի, Կամբոջայի եւ Վիետնամի տարածքով հոսող Մեկոնգ գետի թմրակարտելի առաջնորդն էր: Իր գործունեության համար նա ստացել էր «Կնքահայր» մականունը: Նրա հանցախմբում եղել է շուրջ 100 մարդ, որոնք 10 տարվա ընթացքում հիմնականում զբաղվել են թմրավաճառությամբ: