Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը (նստավայրը` Մոսկվա) ֆինանսավորել է շենքի վերանորոգումը, որտեղ կտեղակայվի հայ-ճապոնական գիտակրթական մշակութային «Հիկարի» կենտրոնը: Փաստաթուղթը ստորագրել են դեսպանատան առաջին քարտուղար Կեիսուկե Յամագիստին եւ «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը: 120 հազ. դոլարի ծրագիրը կոչվում է «Հիկարի կենտրոնի բարեկարգման ծրագիր»:

Կ. Փիլիպոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սկզբնական ուղղությունը երեխաների հետ աշխատանքն էր, սակայն այն սկսեց ավելի շատ մեծահասկաների գրավել եւ ավելի տարողունակ շենքի անհրաժեշտություն առաջացավ: «Մենք դիմեցինք Գեղագիտական կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանին եւ համաձայնություն ստացանք տեղափոխվելու կենտրոնին պատկանող տարածք, որը գտնվում է  Սարյան 33 հասցում եւ անմխիթար վիճակում էր: Ունենալով ինչ-որ տարածք, մենք կարողացանք դիմել դեսպանատանը` տարածքի վերանորոգման եւ կենտրոնի ստեղծման խնդրանքով»,-նշեց Փիլիպոսյանը:

Շենքը հատկացվել է անհատույց 15 տարով: Կենտրոնում կլինի ներկայացումների դահլիճ, ցուցահանդեսային տարածք, փոքրիկ կինոդահլիճ, արհեստանոցներ,  գրադարան, դասասենյակներ` լեզվի պարապմունքերի համար, ճապոնական ոճի փոքրիկ այգի:

Վերակառուցումը կմեկնարկի ապրիլին  եւ կավարտվի տարեվերջին: