Ադրբեջանը շարունակում է կռիվ տալ քարտեզների դեմ, որն արդեն զավեշտի է վերածվում: Արդեն սովորական է դարձել, որ այդ երկիրը պարբերաբար դիմում է միջազգային այս կամ այն հեղինակավոր կազմակերպությանը, կամ որեւէ երկրի պետական մարմիններին` պահանջելով Ադրբեջանի քարտեզում ընգրկել Ղարաբաղը, կամ Նախիջեւանը, կամ էլ պահանջում է Ադրբեջանը մտցնել Եվրոպական երկրների մեջ:

Հերթական «պատերազմը» սկսվել է NBC հեռուստաընկերության դեմ: Բանն այն է, որ Վանկուվերում այսօր սկսված ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ադրբեջանական հավաքականին ներկայացնելիս հիշյալ հետուստաալիքը ցուցադրել է Ադրբեջանի քարտեզը՝ առանց Նախիջեւանի, իսկ բնակչության թիվն էլ նշել է 8,2 միլիոն, այն դեպքում, երբ Ադրբեջանում համոզված են, որ իրենց բնակչությունը 9 միլիոն է:

Այս կապակցությամբ 1news.az կայքը անգլերեն լեզվով նամակ է պատրաստել ուղղված NBC հետուստաալիքին եւ կոչ է արել բոլոր ադրբեջանցիներին այդ նամակի տակ դնել իրենց ստորագրությունն ու ուղարկել NBC-ի էլեկտրոնային հասցեով: Նամակում նրանք հեռուստաընկերությունից խնդրում են ուղղել սխալը, որպեսզի խուսափեն Ադրբեջանի կողմից սխալ ընկալվելուց:

Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ մի պատմություն էլ տեղի էր ունեցել Euronews-ի հետ կապված, որը իր եթերում եղանակի տեսության ժամանակ անտեսել էր Ադրբեջանը, իսկ մեկ այլ դեպքում՝ այդ երկիրը դասել ասիական երկրների շարքը, այն դեպքում, երբ Հայաստանն ու Վրաստանը համարվել էին եվրոպական երկրներ: