Զբոսաշրջային փաթեթները դեպի Հայաստան թանկացել են 10-20%-ով: Այդ մասին այսօր՝ մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը; Նրա խոսքով՝ պատճառը սննդի օբյեկտների ծառայությունների թանկացումն է, ինչն էլ հետեւանք է նրա, որ դրանք սկսել են հարկվել ավելացված արժեքի հարկով:

Թանկացումների հետեւանքով, ըստ Ե. Թանաշյանի, դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթները դարձել են պակաս մրցունակ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ:

Այնուամենայնիվ, ըստ Ե. Թանաշյանի, ներգնա զբոսաշրջության պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը, ինչը նույնպես նպաստեց հյուրանոցային գների որոշ աճին: Հայաստանը ներկայում կարիք ունի նորանոր բարձրակարգ հյուրանոցների, քանի որ հայկական զբոսաշրջային ընկերությունները գրավում են նոր, ավելի վճարունակ շուկաներ: