Իսպանիայում թագավորական պալատի աշխատակիցներն առաջին անգամ գործադուլ կանեն Զատիկի ժամանակ: CSIF արհմիության ղեկավար Կարլոս Զարկոն բացատրել է, որ աշխատակիցները գործադուլ են հայտարարել, քանի որ նախկինում նրանք աշխատել են օրական 8 ժամ, իսկ հիմա ստիպված են աշխատել առավոտվա 6-ից մինչեւ երեկոյան 6-ը, այսինքն 12 ժամ:
«Բացի այդ, աշխատակիցներն ընդամենը կես ժամ ունեն ճաշի համար, իսկ սենյակը, որտեղ նրանք ճաշում են, նույնիսկ օդորակիչ չունի»,-ասել է նա, հավելելով, որ հունվարից ներդրված կանոնների համաձայն, աշխատողները չեն վարձատրվում լրացուցիչ ժամեր աշխատելու համար, այլ հակառակը` կրճատվում է աշխատավարձը 15 տոկոսով:
Նրա խոսքով` արքայական պալատի աշխատակիցների գործադուլը նախատեսված է մարտի 28-29-ին, որին կմասնակցի ավելի քան 500 մարդ, մասնավորապես, բոլոր պարտիզպանները, մատուցողները, վարորդները, դռնապանները, թանգարանի էքսկուրսավարները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Բողոքի ակցիան կսկսվի Զատիկի շաբաթվա սկզբից, քանի որ դա բոլոր թանգարանների, ինչպես նաեւ Մադրիդի արքայական պալատի համար ամենալարված աշխատանքային օրերն են: Սա առաջին նման դեպքն է Իսպանիայի թագավորական պալատում, գրում է The Local պարբերականը:
Գուծադուլը կարող է շատ բացասական տնտեսական ազդեցություն ունենալ, քանի որ թանգարանների տոմսերի գինը 10-17 եվրո է, իսկ այդ օրերին թանգարաններ եւ արքայական պալատ է այցելում ավելի քան 100 հազար մարդ:



























