Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 7-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հայ-լիտվական երկկողմ կապերից բացի, ՀՀ նախագահը եւ Լիտվայի արտաքին գործերի նախարարը քննարկել են ԵՄ խորհրդում Լիտվայի առաջիկա նախագահության շրջանում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացմանը, եվրաինտեգրման լիտվական փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանն այդ համատեքստում հյուրի հետ խոսել է որակապես նոր հարթության վրա գտնվող ՀՀ-ԵՄ հարաբերությունների եւ ԵՄ-ի հետ համագործակցության օրակարգի շրջանակներում բանակցությունների ընթացքի, արձանագրված հաջողությունների ու իրականացվող աշխատանքների մասին: Երկուստեք կարեւորվել է ԵՄ արեւելյան գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացումը:
ՀՀ նախագահը եւ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը կարեւորել են հայ-լիտվական միջպետական հարաբերությունների ամրապնդումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի եւ նաեւ միջազգային կառույցների շրջանակում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացումը:
Սերժ Սարգսյանը եւ Լինաս Լինկյավիչյուսը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին:




























