Էստոնացի զույգը, որը Բալի կղզում սեքսով է զբաղվել Սուրբ ջրի տաճարում, տուգանվել է 20 մլն ինդոնեզական ռուփիով (մոտ 1,5 հազար եվրո): Այդ գումարը կուղղվի տաճարը մաքրելու արարողությանը:

Ինչպես հաղորդում է Limon.ee-ն, այդ համաձայնությունը ձեռք է բերվել զբոսաշրջիկների եւ տեղի տարեցների միջեւ հանդիպումից հետո: Զույգն իրեն արդարացնելու համար նշել է, որ իրենք տեղյակ չեն եղել, որ տաճարում չի կարելի սեքսով զբաղվել:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 6-ին: 32-ամյա Քաթրինին ու 43-ամյա Ուրմասին սեքսով զբաղվելու պահին նկատել է տեղի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչը եւ անմիջապես ոստիկանություն կանչել: Զույգը կալանավորվել է, բայց դիվանագետների միջամտությունից հետո ազատ է արձակվել, գրում է Lenta.ru-ն:

Այս դեպքից հետո տաճարը ժամանակավորապես փակվել է: Տեղի իշխանության ներկայացուցիչը հայտնել է, որ տաճարի հոգեւոր մաքրությունը պետք է վերականգնվի:

Ամենայն հավանականությամբ, հետագայում այդ վայրում ցուցանակ կկախեն հետեւյալ մակագրությամբ. «Սեքսով զբաղվելն արգելվում է»: