ԱՄՆ կոնգրեսի անդամները շարունակում են նշել ղարաբաղյան ազատագրական շարժման 25-ամյակը: Ամերիկայի հայ ազգային կոմիտեն տեղեկացնում է, որ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջուդի Չուն, Մայքլ Գրիմը, Դեվին Նյունեսը եւ Դեյվիդ Վալադաոն հանդես են եկել ղարաբաղյան ժողովրդավարական պետությանն ու հասարակությանն աջակցող հայտարարությամբ:

Համատեղ հայտարարության մեջ Դեվին Նյունեսն ու Դեվիւդ Վալադաոն «հարգանքի տուրք են մատուցում հայ ժողովրդին եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որն արիաբար պայքարում է իր ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար»: Նրանք մասնավորապես նշել են. «Հայերը տարել են ոչ վաղ պատմության սարսափելի գազանությունները` Հայոց ցեղասպանության ժամանակ միլիոնից ավելի մարդկանց ոչնչացումից մինչեւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի պատերազմը եւ շարունակվող շրջափակումը: Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին որպես հերոս ընդունելու հանգամանքն անխիղճ թշնամության մասին հիշեցում է, որին բախվում են հայերն այսօր»:

Նյույորքցի կոնգրեսական Մայքլ Գրիմը բարձր է գնահատել առաջընթացը, որը ձեռք է բերվել երիտասարդ ԼՂՀ –ի կողմից վերջին 25 տարվա ընթացքում:

«ԼՂՀ –ի կայուն առաջընթացը բանկային, գյուղատնտեսական, հեռահաղորդակցության ոլորտներում եւս մեկ անգամ վկայում են նրա հեռանկարի մասին` որպես միջազգային հանրության կենսունակ անկախ գործընկերոջ: Դա պայմանավորելով ԱՄՆ-ի` որպես աշխարհում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանի վաղեմի եւ ոչ երկիմաստ դերով, հուսով եմ, որ իմ գործընկերները կմիանան ինձ ղարաբաղյան ազատագրական շարժման 25-ամյակը տոնելու հարցում` Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատմանն աջակցելու շրջանակում»:

Մինչ ԱՄՆ Կոնգերսի անդամները պատրաստվում են նշել ղարաբաղյան շարժման 25-ամյակը հաջորդ շաբաթ Կոնգրեսի հայկական ֆորումի կողմից կազմակերպվելիք միջոցառման ժամանակ, Ադրբեջանի դեսպանատունն ու ալիեւամետ խմբերը փորձում են արգելափակել այդ իրադարձությունը խոսքի ազատության սահմանափակման միջոցով: Կապիտոլիումում աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Կոնգրեսի անդամներին կոչ է արել չմասնակցել այդ միջոցառմանը: