Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը վերջերս կայացած կոնֆերանսում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի դիտողությունների հետ կապված պաշտոնական բողոք է ներկայացրել Հասարակայնության հետ կապերի ամերիկա-իսրայելյան կոմիտեին՝ արտահայտելով ամերիկահայ համայնքի աճող անհանգստությունը ադրբեջանցի դիվանագետների հակահայկական քարոզչության առթիվ։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրության` Ադրբեջանի դեսպան Սուլեյմանովը Հասարակայնության հետ կապերի ամերիկա-իսրայելյան հանձնաժողովի «Նոր դաշնակիցներ. Իսրայելը եւ կովկասյան տարածաշրջանը» խորագրով կոնֆերանսում Իսրայելի կողմնակիցներին կոչ է արել «չընկնել հայամետ լոբբիստական խմբերի ազդեցության տակ»:

Նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը բացատրել է. «ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների ամրապնդումը չի պահանջում բռնապետական վարչակարգերի աջակցությունը»: Համբարյանը իսրայելական խմբին խնդրել է  «վերագնահատել տվյալ կազմակերպության դաշինքի բարոյական եւ գործնական բնագավառներն Ադրբեջանի ռազմատենչ նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ բռնապետի, որը, նմանակելով Հոլոքոստի ժամանակ հրեաների հասցեին Ադոլֆ Հիտլերի թունոտ ճառերը, բացահայտ հայտարարել է, որ «աշխարհի բոլոր հայերը» իր թշնամիներն են»: Համբարյանը հավելել է, որ Ալիեւը, ասելով, որ «Հայաստանը որպես երկիր ոչ մի արժեք չունի, այլ իրականում արտասահմանից ղեկավարվող գաղութ է, հնագույն ադրբեջանական տարածքների վրա ստեղծված արհեստական տարածք», «ոտնահարում է Հայաստանի գոյության իրավունքը` գործածելով Իսրայելը ոչնչացնել ձգտողների կիրառած ձեւակերպումներին շատ նման արտահայտություններ»: