ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում կալանավորել են երեք հայերի` 41-ամյա տղամարդու դեմ մահափորձի կասկածանքով: Նրանք դանակով հարվածել են տղամարդու հետույքին, հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա Գեղամ Մեհրաբյանին, 25-ամյա Սուրեն Լազարյանին եւ 29-ամյա Էդգար Թադեւոսյանին, երբ նրանք ցանկանում էին հեռանալ բնակարանից: Վիրավոր տղամարդը կյանքի համար ոչ վտանգավոր վերքեր է ստացել հետույքի շրջանում: Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ բնակարաններից մեկում կռիվ են անում: Դեպքի վայր հասած իրավապահները հայտնաբերել են արյունաքամ լինող մի տղամարդու: Միջադեպի այլ մանրամասներ չի հաղորդվում:
Ոստիկանությունում նշել են, որ Մեհրաբյանը, Լազարյանը, Թադեւոսյանն ու տուժած տղամարդը ընկերներ ու հարազատներ են եւ այդ երեկո ալկոհոլ են օգտագործել: Ինչ-որ պահի նրանց միջեւ վեճ է ծագել, որի հետեւանքով տղամարդը դանակի հարվածներ է ստացել: Թադեւոսյանը ձեռքի աննշան վնասվածք է ստացել:
Տուժածը ոստիկանությունում ասել է, որ ինքը չի ցանկանում զոհ լինել եւ մտադիր չէ մեղադրանքներ ներկայացնել այդ մարդկանց դեմ: Ոստիկանությունը պետք է հետաքննի միջադեպը եւ գործը ներկայացնի Լոս Անջելեսի շրջանային դատախազին:




























