Լոս Անջելեսի Հոլիվուդ թաղամասում հայուհի է ձերբակալվել՝ Գլենդել քաղաքում գովազդային կայքի միջոցով «Դիսնեյլենդի» կեղծ տոմսեր վաճառելու համար։ Գնորդներից շատերն այդ մասին իմացել են զբոսայգու դարպասների մոտ միայն, երբ չեն կարողացել ներս մտնել։
Glendale News-Press-ը հայտնում է, որ 22-ամյա Ալիսա Ենոքյանը կալանավորվել է այն բանից հետո, երբ համաձայնել է հանդիպել Լոս Անջելեսի ոստիկանների հետ, ովքեր որպես «Դիսնեյլենդի» պոտենցիալ գնորդներ էին ներկայացել։ Ոստիկանները զանգահարել են հայտարարությամբ եւ երկու մեծահասակների եւ երկու երեխաների տոմսեր են պատվիրել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 50-ական դոլար։
Ենոքյանը «Դիսնեյլենդի» լրացուցիչ 20 էլեկտրոնային տոմս է ունեցել՝ գրքերի հետ միասին, որտեղ տեղեկատվություն է եղել վաճառված տոմսերի եւ զոհերի հեռախոսահամարների մասին։ Հետախույզները նաեւ տոմսերի պոտենցիալ գնորդների հարյուրավոր հաղորդագրություններ են հայտնաբերել նրա բջջայինում։
Ենոքյանը պնդել է, որ տոմսերը գնել է անհայտ անձից եւ պատճենել, որպեսզի վերավաճառի, քանի որ չի կարողանում աշխատանք գտնել, իսկ իրեն ապրելու համար գումար է հարկավոր»։ Ենոքյանը խաբեության միջոցով «Դիսնեյլենդի» կեղծ տոմսերը վաճառել է մի քանի տարի շարունակ։




























