Ֆրանս-գերմանական հաշտեցման եւ Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակի կապակցությամբ, Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանությունները մարտի 11-15-ին կազմակերպում են Ֆրանս-գերմանական շաբաթ: Միջոցառման մեկնարկը կտրվի մարտի 11-ին, ժամը 09:30-ին, Երեւանի պետական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում՝ «Կերտել ընդհանուր պատմություն. ֆրանս-գերմանական պատմության դասագիրքը» խորագրով անցկացվող սեմինարով:

Նույն վայրում, ժամը 12:30-ին, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:

Այս նշանակալից հոբելյանը տոնելու նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ֆրանսիացի եւ գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործություններով դասական համերգ, ֆիլմերի ցուցադրություն, զրույց-քննարկում երկու երկրների հարաբերությունների շուրջ:  Գերմանիայից եւ Ֆրանսիայից հրավիրված չորս փորձագետները կքննարկեն ֆրանս-գերմանական հարաբերությունների զարգացումը վերջին 50 տարիների ընթացքում: