Google կորպորացիան մոտավորապես 1200 աշխատակիցների կկրճատի իր դուստր ձեռնարկություն համարվող Motorola Mobility ընկերությունից, ինչը կազմում է աշխատակազմի ավելի քան 10 տոկոսը: Այդ քայլերով ընկերությունը ձգտում է շահութաբեր դարձնել 2011-ին գնած բջջային սարքեր արտադրող ընկերությունը, հաղորդում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով Motorola Mobility-ի աշխատակիցներին ուղարկված նամակները:
Motorola Mobility-ում հաստատել են աշխատակիցների կրճատման պլանները, սակայն հրաժարվել են նշել մանրամասները:
Դեռեւես 2012-ի օգոստոսին Google-ը հայտարարել է Motorola Mobility-ի աշխատակազմի 20 տոկոսի (մոտ 4 հազար մարդ) կրճատման մասին: Նախորդ տարվա վերջին ընկերության աշխատակիցների թիվը կազմել է 11 հազար մարդ, հաղորդում է «Վեդոմոստին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012-ի մայիսին Google-ն ավարտել է բջջային էլեկտրոնիկա արտադրող Motorola Mobility-ի գնման գործարքը: Գործարքի պայմանների համաձայն Google-ը ձեռք է բերել Motorola Mobility-ն 12,5 մլրդ դոլարով, վճարելով ընկերության բաժնետերերին 40-ական դոլար նրանց պատկանող յուրաքանչյուր բաժնետոմսի համար:
Այն, որ Google-ը ձեռք է բերում Motorola Mobility-ն, պաշտոնապես հայտարարվել էր 2011 թ. մարտի 15-ին, սակայն դրանից հետո անհրաժեշտ էր վերացնել իրավաբանական խոչընդոտները:
Google-ն ամերիկյան համացանցային ընկերություն է, որին պատկանում է նույն անվամբ որոնողական համակարգը: Google-ի մաքուր շահույթը 2012 թ. առաջին կիսամյակում կազմել է 2,89 մլրդ դոլար, ավելանալով 2011 թ. առաջին կիսամյակի նույն ցուցանիշի համեմատ 60,6 տոկոսով` (1,8 մլրդ դոլարով):
Motorola Mobility-ն ամերիկայն ընկերություն է, որը զբաղվում է բջջային տեխնոլոգիաներով, բջջային հեռախոսների արտադրությամբ եւ կենցաղային, համակարգչային սարքավորումներով:




























