Արգենտինայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Կառլոս Մենեմին մեղավոր է ճանաչել 1990-ականներին, ՄԱԿ-ի արգելքը խախտելով,  Խորվաթիա եւ Էկվադոր մաքսանենգ ճանապարհով զենք  մատակարարելու համար: Բացի 82-ամյա Մենեմից, մեղադրվել է նաեւ պաշտպանության նախկին նախարար Օսկար Կամիլիոնը:

2011թ. սեպտեմբերին Բուենոս Այրեսի դատարանը Մենեմին անմեղ էր ճանաչել, սակայն հետո մեղադրող կողմը վճիռը բողոքարկել էր: Պետության նախկին ղեկավարը կարող է դատապարտվել ութ տարվա ազատազրկման, հայտնում է BFM.RU-ն:

Երկար տարիների հետաքննության ընթացքում Մենեմը բազմիցս հայտնել է, որ ինքը «միանգամայն անմեղ է» եւ ընդհանրապես գաղափար չի ունեցել, որ Վենեսուելայի եւ Պանամայի համար նախատեսված զենքի խմբաքանակը հայտնվել է միջազգային բեռնարգելքի ներքո գտնվող երկրներում:

Արգենտինայից Էկվադոր զենքի արտահանումն արգելվել էր, քանի որ Արգենտինան այդ երկրում խաղաղարարի դեր էր կատարում 1995թ. Պերուի դեմ պատերազմից հետո: Խորվաթիան էմբարգոյի ազդեցության տակ է հայտնվել 1991-1995թթ.` Բոսնիայի հետ հակամարտությունից հետո:

Կառլոս Մենեմը ծնվել է սիրիացի ներգաղթյալների ընտանիքում: Նա երկու անգամ զբաղեցրել է Արգենտինայի ղեկավարի պաշտոնը` 1989 -1999թթ. ժամանակահատվածում: