Մահմեդական արմատական քարոզիչ Աբու Քաթադան կրկին կալանավորվել է գրավի դիմաց ազատվելու պայմանները խախտելու համար։ Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայությունները Քաթադային ձերբակալել էին Լոնդոնում հակաահաբեկչական ստուգայցերի ընթացքում։
Դա կատարվել է բրիտանական կառավարության՝ նրա արտաքսմանը հասնելու նոր ջանքերից մի քանի օր առաջ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մարտի 11-ին կբողոքարկի Աբու Քաթադային Հորդանանին արտահանձնելու արգելքի մասին դատական որոշումը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով BBC-ին։
Քաթադան բանտից գրավի դիմաց ազատվել էր Հորդանանին արտահանձնելու որոշումը հաջողությամբ բողոքարկելուց հետո։ Իսլամիստը քանիցս հայտարարել է, որ Հորդանանում իրենից խոստովանություն կկորզեն կտտանքներով։ Այդ կապակցությամբ դատարանը որոշել էր, որ Աբու Քաթադային Հորդանանին չեն արտահանձնի։
Արմատական քարոզիչը, որին երբեմն անվանում էին Ուսամա բեն Լադենի աջ ձեռքը, Հորդանանում հեռակա կարգով մեղավոր էր ճանաչվել ահաբեկչությունների համակարգման համար։ Նա Մեծ Բրիտանիա էր ժամանել 1993թ.՝ կեղծ անձնագրով, քաղաքական ապաստան ստանալու համար։ Մեկ տարի անց նրան փախստականի կարգավիճակ էր տրամադրվել։




























