Փարիզում Հայաստանի դեսպանատան դիմաց մարտի 8-ին նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող «Հայկական վերածնունդ» շարժման մոտ հիսուն ներկայացուցիչ է հավաքվել, որոնց մի մասը հայ ներգաղթյալներ են եղել։ Այդ մասին հայտնում է «Nouvelles d'Arménie»-ն։ «Նրանք հավաքվել են «ոչ» ասելու անօրինական ռեժիմին եւ իշխանություններին։
Շարժումը, որը վիճարկում է 2013թ. նախագահական ընտրությունների արդյունքները, համոզված է, որ քանի դեռ իշխանությունը բռնազավթված է օլիգարխների կողմից եւ ծառայում է բնակչության աննշան հատվածի շահերին, Հայաստանը չի կարող դուրս գալ փակուղուց»։
Շարժման անունից դերասանուհի Լիլիթ Սիմոնյանը, Շանթ Օզքիրիսյանը եւ Լիլիան Տարոնյանը դիմել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին՝ «հրապարակային քննադատություն» արտահայտելու համար՝ հայերեն եւ ֆրանսերեն։
Բացման խոսքում Լիլիան Տարոնյանը ասել է. «Մենք սփյուռքում այլ երկրների դեսպանատների առջեւ ցույցեր անցկացնելու ավանդույթ ունենք՝ ընդդեմ մարդու իրավունքների, արդարադատության, ճշմարտության թշնամիների, Հայոց ցեղասպանությունը հերքողների, ռասիզմի եւ ատելության բոլոր դրսեւորումների։ Այդ պատճառով ծանր սրտով այսօր հավաքվել ենք Հայաստանի դեսպանատան դիմաց։ Մենք մեր բողոքն ենք արտահայտում նախագահական վերջին ընտրությունները ստվերած զանգվածային ընտրախախտումների առթիվ»։
«Հայկական վերածնունդ» խումբը կոչ է անում «աջակցել հայ ժողովրդին, որն այժմ բարձրացնում է գլուխը եւ հաշվետվություն պահանջում»։ Հանրահավաքի ավարտին Լիլիթ Սիմոնյանը եւ Շանթ Օզքիրիսյանը ոստիկանի ուղեկցությամբ նամակը փոխանցել են դեսպանատանը, որտեղ նրանց չէին ընդունել։



























