Միլանի վերաքննիչ դատարանը, որտեղ ընթանում է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մեդիա խմբի ֆինանսական խարդախությունների վերաբերյալ գործը, մարտի 9-ի նիստի ժամանակ որոշում է ընդունել ստուգել Բեռլուսկոնիի առողջական վիճակը, ով գտնվում է Միլանի San Raffaele հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին հոսպիտալացվել է մարտի 8-ին, երբ Միլանի դատարանում պետք է կայանար մեկ այլ` «Ռուբիի գործի» վերաբերյալ նիստը, որում խառնված է նաեւ նախկին վարչապետը: Սակայն քաղաքական գործչի փաստաբանները դատարան տեղեկանքներ են ներկայացրել բժիշկներից, ովքեր Բեռլուսկոնիի մոտ աչքի լորձաթաղանթի սուր բորբոքում (կոնյունկտիվիտ) են ախտորոշել։ Դատարանը համաձայնել է պաշտպանության՝ «հարգելի պատճառի» մասին փաստարկների հետ եւ նիստը նշանակել մարտի 11-ին։
Մարտի 9-ին Վերաքննիչ դատարանում Բեռլուսկոնիի փաստաբանները կրկին հայտարարել են լսումներն ընդհատելու համար «հարգելի պատճառի» առկայության մասին, սակայն դատախազն առաջարկել է Բեռլուսկոնիի վիճակի բժշկական քննություն անցկացնել, եւ դատարանը բավարարել է դատախազի պահանջը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Mediaset-ի գործը Բեռլուսկոնիի հետ կապված դատական գործերից առավել հնչեղն է։ Հետաքննության արդյունքներով` Բեռլուսկոնիի մեդիա խումբը ֆիլմերի ցուցադրման իրավունքներ է գնել կեղծ ֆիրմաների միջոցով, ընդ որում՝ անչափ մեծացնելով գնման արժեքը։ Իրական եւ ուռճացված գների միջեւ տարբերությունը փոխանցվել է Շվեյցարիայում եւ Բահամյան կղզիներում բանկային հաշիվներին։
Ավելի վաղ Միլանի դատարանն արդեն Բեռլուսկոնիին դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման` Unipol իտալական ապահովագրական խմբի կողմից BNL բանկի գնման գործով։




























