ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակիցը Նյու Ջերսի նահանգի Նյուարքի օդանավակայանով առանց որեւէ արգելքի ուսումնական ռումբ է մտցրել օդանավ: Այդ մասին հաղորդվել է վարչության փակ զեկույցում, որը հայտնվել է The New York Post-ի տնօրինման տակ:
Քաղաքացիակաան հագուստով աշխատակիցը մետաղորսիչ սարքից հանգիստ անցկացրել է անդրավարտիքում թաքցրած ռումբի մուլյաժը: Ավելին, օդանավակայանի անվտանգության ծառայությունը սարքը չի նկատել անգամ արագ զննման ընթացքում, եւ տղամարդուն թույլատրել են բարձրանալ օդանավ:
Ըստ աղբյուրի` փորձը մեկ անգամ եւս հաստատել է, որ Նյուարքի օդանավակայանը ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության ամենաթույլ օղակն է:
2010թ., գրում է lenta.ru-ն, առանց տոմսի երիտասարդը կարողացել էր մտնել օդանավակայանի անվտանգության գոտի` ընկերուհուն հրաժեշտ տալու: Ընդ որում, կասկածելի ուղեւորի մասին հաղորդման պատճառով ստիպված էին եղել տարհանել օդանավակայանը: Միջադեպի մեղավորին, սակայն, այդպես էլ չէին գտել:
Նյուարքի օդանավակայանի անվտանգության ծառայությունը գրեթե հազար հինգ հարյուր աշխատակից ունի:
2012թ. նրանցից 52-ին հեռացրել էին պարտականություններն անբարեխղճորեն կատարելու եւ գողության համար, եւս 19 մարդ տուգանվել էր:




























