Գործարար Սարիբեկ Սուքիասյանը ձերբակալվել է իր եղբոր` Խաչատուր Սուքիասյանի ծավալած քաղաքական գործունեության պատճառով: Այդ մասին ասված է Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
«2008թ. նախագահական ընտրություններից դեռ շատ առաջ, բոլոր նրանք, ովքեր հայտարարել են, որ սատարելու են ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, ենթարկվել եւ շարունակում են ենթարկվել բռնաճնշումների ու տարբեր կարգի հալածանքների»,- նշել են հայտարարության հեղինակները եւ հավելել. «ՀՀ գործող իշխանությունները իրենց առաջ դրված միայն մեկ խնդիր ունեին` ցանկացած գնով պահպանել սեփական իշխանությունը: Այդ նպատակին հասնելու համար նրանք ոչ մի անօրինական քայլի ու հանցագործության առաջ կանգ չեն առել: Սկսած խաղաղ ցուցարարների գնդակահարությունից մինչեւ բանտերը հայրուրավոր քաղաքական բանտարկյալներով լցնելը»:
Ըստ կոմիտեի՝ գործող իշխանությունները, տարված վրեժի մոլուցքով, հետընտրական այս երկու տարիների ընթացքում ընդդիմադիր թեկնածուին սատարող գործարարների սեփականությունը խլելու, նրանց տնտեսական գործունեությունը կասեցնելու, նրանց սնանկացնելու խնդիր են լուծում: «Այս բնագավառում նրանց ամենախոշոր թիրախը Սուքիասյանների ընտանիքն է: Որպես շարունակվող տնտեսական տեռորի դրսեւորում՝ փետրվարի 12-ին շինծու մեղադրանքով ձերբակալվել են Խաչատուր Սուքիասյանի եղբայր` „Սիլ-Գրուպի“ սեփականատեր Սարիբեկ Սուքիասյանը եւ Սուքիասյաններին պատկանող „Այրարատ“ տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը»,- նշել են հայտարարության հեղինակները՝ դատապարտելով իշխանությունների այս քայլը:
Հիշեցնենք, որ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը ձերբակալվել է փետրվարի 12-ին՝ մահվան սպառնալիքներով ստորագրություն կորզելու մեղադրանքով:




























