Վենեսուելայի նախագահի թեկնածու, Ուգո Չավեսի մահից հետո պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն խոստովանել է, որ իր խելքով եւ խարիզմայով զիջում է երկրի հանգուցյալ առաջնորդին:
«Ես Չավեսը չեմ, եթե խստորեն դատենք խելքի, խարիզմայի, պատմական ուժի մասին», - ասել է Մադուրոն:
Նա հպարտ է, որ Չավեսը վստահել է իրեն եւ անվանել իր իրավահաջորդը: Եվ պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ` կոմանդանտեի սպասելիքներն արդարացնելու համար: Մադուրոն իրեն զգում էր Չավեսի որդին, սակայն նա չէր կարծում, որ կոմանդանտեն իր ուսերին այդպիսի պատասխանատվություն կդնի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հիշեցնենք, որ երկրի նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 14-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարում Մադուրոյի հիմնական մրցակիցը կլինի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսը:




























