Մարտի 10-ին Պակիստանի մի քանի քաղաքներում հարյուրավոր քրիստոնյաներ ցույցի էին ելել` պահանջելով պաշտպանել իրենց ջարդարար մահմեդականներից: Երկրի արեւելքի Լաhոր քաղաքում անկարգությունները վերաճել են ոստիկանության հետ բախումների: Բողոքի ցույցեր եին տեղի ունեցել նաեւ Կարաչիում, Իսլամաբադում, Մուլթանում եւ Քվեթում:
Բողոքողները ոստիկանությանը նաեւ մեղադրել են նրանում, որ մահմեդականների իրականցրած ջարդերի ժամանակ ձերբակալվել էին նաեւ քրիստոնյաներ, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ին:
Մարտի 9-ին ավելի քան երեք հազար մահմեդականներ ջարդեր էին իրագործել Լահոր քաղաքի քրիստոնեական թաղամասում: Ամբոխն այրել էր հարյուրից ավելի քրիստոնյաների տներ, թալանել նրանց պատկանող մի քանի խանութներ: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 150 մարդու, որոնց շարքում կան նաեւ քրիստոնյաներ:
Ջարդերը հաջորդել էին սրբապղծության մեջ մեղադրվող երիտասարդ քրիստոնյա Սավանա Մասիհի ձերբակալությանը: Մեղադրանքներն առաջադրվել էին, երբ Մասիհն իր մահմեդական ընկեր Շահիդ Իմրանի հետ զրույցի ժամանակ անհարգալից էր արտահայտվել մարգարե Մուհամեդի հասցեին: Շահիդ Իմրանը Մասիհի դեմ բողոքել էր ոստիկանությանը: Ըստ ականատեսների`վեճի ժամանակ բոլորը հարբած էին եղել: Սակայն Մասիհի ձերբակալությունը չի բավարարել մահմեդականներին:
Եթե Մասիհին մեղավոր ճանաչեն, նրան մահապատիժ է սպառնում: Սրբապղծության մեղադրանքի համար բանավոր վկայությունը բավական է:
Իրավապաշտպանները պնդում են, որ սրբապղծության օրենքը պարբերաբար օգտագործվում է անձնական հաշիվներ մաքրելու համար: Սակայն Պակիստանի իշխանությունները կտրականապես հրաժարվում են փոխել այն: 2011թ. օրենքի մեղմացման կողմ հանդես եկող Փենջաբի նահանագապետ Սալման Թազիրը սպանվել էր սեփական թիկնապահի կողմից:




























