Ճապոնիայում այսօր հիշում են 2011թ. մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի զոհերին: Սգո արարողություններ տեղի կունենան ամբողջ երկրում:

Տոկիոյի դահլիճներից մեկում տեղի ունեցող հիմնական միջոցառմանը կմասնակցեն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ կառավարության բոլոր անդամները: Լռության րոպեն կհայտարարվի տեղի ժամանակով ժ. 14:46-ին (Երեւանի ժամանակով` 09:46)` տեղի ունեցած ստորգետնյա առաջին ցնցման պահին:

Անցյալ շաբաթվա ընթացքում Ճապոնիան արդեն հիշել էր ազգային ողբերգությունը: Հիմնական խնդիրներից է ավերված ենթակառույցի դանդաղ վերականգնումը եւ բնակչության արտագաղթը: Տարերային աղետից հետո ամենից ավելի տուժած երեք նահանգներ`Միյագին, Ֆուկուսիման եւ Իվատեն, լքել են 72 հազար մարդ:

Տուժած թաղամասերի մի շարք դպրոցներում ավարտական միջոցառումներ են տեղի ունեցել, որտեղ հետմահու ավարտական վկայական են շնորհել 2011թ.  ցունամիի զոհ դարձած տասներորդ դասարանցիներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Ռիկուձենտակատա քաղաքում հանդիսավորությամբ հուշատախտակ են տեղադրել «հույսի ծառին»` հսկա կաղնուն, որը հրաշքով կանգուն էր մնացել ցունամիի ալիքի հարվածից հետո եւ միլիոնավոր ճապոնացիների համար դարձել  երկրի վերականգնման խորհրդանիշ: Ցավոք, 27 մ-անոց ծառը չորացել էր եւ ցանկացած պահի կարող էր տապալվել, այդ պատճառով էլ տեղի բնակիչները վճռել էին այն փոխարինել պատճենով:

Խաղաղ օվկիանոսի հյուսիսարեւելյան ափին գտնվող ճապոնական հիմնական Հոնսյու կղզում 9,0 մագնիտուդ ուժգնությամբ ստրոգետնյա ցնցումը հանգեցրել էր բազմաթիվ ավերածությունների եւ առաջացրել ցունամիի ալիք, որի բարձրությունը հասել էր 40 մ: Աղետը ոչնչացրել էր ամբողջական քաղաքներ, նաեւ վթար առաջացրել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում, որն իր հերթին հանգեցրել էր  հսկայական տարածքների աղտոտվածության ռադիոկատիվ նյութերով: Ըստ վերջին տվյալների` ողբերգության զոհ էր դարձել 15881 մարդ: Եւս 2668 մարդ մինչ այժմ համարվում են անհետ կորած: