Ստոկհոլմում 97 տարեկան հասակում վախճանվել է արքայադուստր Լիլիան Բերթիլը, որի բազմամյա սիրավեպը Շվեդիայի ներկայիս թագավոր Կառլ Գուստավ XVI-ի հորեղբայր Բերթիլ Շվեդացի արքայազնի հետ ցնցել էր ամբողջ աշխարհը եւ դարձել XX դարի ամենառոմանտիկ սյուժեներից մեկը:

Լիլիան Դեւիսը ծնվել էր 1915թ. Ուելսում: 16 տարեկանում  տեղափոխվել էր Լոնդոն` մոդել եւ դերասանուհի դառնալու համար: Այնտեղ նա 1943թ. ծանոթացել էր Բերթիլի հետ` այդ ժամանակ լինելով բրիտանացի դերասան Իվան Քրեյգի կինը: 1945թ.  Լիլիանն ամուսնալուծվել էր, գրում է lenta.ru-ն:  Զույգը չէր կարողանում օրինականացնել հարաբերությունները եւ երկար տարիներ թաքցրել էր իր սիրավեպը արքայազնի՝ գահի ժառանգորդ լինելու կարգավիճակը կորցնելու մտավախությունների պատճառով, նշում է rbc-ն: 

Բերթիլի ավագ եղբայր Գուստավ Ադոլֆը զոհվել էր ավիավթարում` արքայազն Բերթիլին թողնելով փոքրահասակ զարմիկի խնամակալ: Արքայազնը չհրաժարվեց ժառանգության իրավունքից` այդ թվում նաեւ սահմանադրական ճգնաժամ հրահրելու մտավախությունից: 

Լիլիանն ու Բերթիլը կարողացել էին ամուսնանալ միայն արքայազնի զարմիկ Կառլ Գուստավի արքա դառնալուց մի քանի տարի անց: Իրենց ամուսնությունը նրանք գրանցել էին 1976թ.` 33 տարի գաղտնի հարաբերություններից հետո:

Զույգը երեխաներ չի ունեցել:  1997թ. Շվեդիայում 84 տարեկան հասակում վախճանվել էր  «հմայիչ արքայազն» մականունն ստացած արքայազն Բերթիլը: 2000թ. Լիլիանը հրապարակել էր «Իմ կյանքն արքայազն Բերթիլի հետ»  հուշագրությունը: