Ներկայիս ԵՄ-ի գոյությունը պայմանավորված է ֆրանս-գերմանական հաշտության գործընթացով: Այդ մասին այսօր` մարտի 11-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը` անդրադառնալով «Կառուցել ընդհանուր ապագա. Ֆրանս-գերմանական պատմության դասագրքի նմուշ» վերնագրով նախագծին, որը մեկնակել է Երեւանի պետական համալսարանում: 

Ի պատասխան դիտարկմանը,  որ Հայաստան կատարած այցի ժամանակ Գերմանիայի Բունդսթագի  նախագահ Նորբերթ Լամերթը Հայաստանը համեմատել էր աֆրիկական պետությունների հետ, դեսպանը նշել է, որ հարցը վերաբերել է  Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին: «Հայտնի է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի եւ Ազատ առեւտրի համապարփակ գոտու ստեղծման շուրջ բանակցություններ է վարում: Ամենայն հավանականությամբ,  հարցը վերաբերվել է  Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագիր կնքելուց հետո հավանական հեռանկարին», - նշել է գերմանացի դիվանագետը:

Նա նաեւ հավելել է, որ ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության հարցի քննարկման շրջանակում, նման համեմատոթյունն արվել էր ցույց տալու համար, թե որքան դժվարություններ կան ինտեգրման ճանապարհին: «Խնդիրն այն է, որ Հայաստանն այլ կարգավիճակի է ձգտում, այլ ոչ թե անդամակցության: Նորբերթ Լամերթը պարզապես ցանկացել է  ընդգծել` որքան դժվար է այդ ուղին: Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ եղել, որ նա Հայաստանը համեմատել է  աֆրիկական երկրների հետ», - ասել է Ռայներ Մորելը, հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է նոր անդամներ ընդունել, սակայն ոչ ամեն րոպե:

 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am