Իսրայելի նախարարի սպանությանը մասնակցած պաղեստինցի Մաջդի ալ-Ռիմավին դարձել է Բեզոնի` Փարիզի արվարձանի, պատվավոր քաղաքացի: Բեզոնի քաղաքային խորհուրդը Ռիմավիին անվանել է քաղբանտարկյալ, ով տուժել է իր համոզմունքների համար:

Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, պատգամավորների կարծիքով, պաղեստինցին միայն պաշտպանել է «իր քաղաքն ու նրա բնակիչներին, նաեւ կոչ է արել պահպանել միջազգային իրավունքը (այսինքն Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան պետության ստեղծում)»: Բեզոնի քաղաքապետ Դոմինիկ Լեսպարրը հայտնել է, թե պատգամավորների որոշումը «հզոր քաղաքական գործողություն է»:

Սակայն խորհրդի որոշման մեջ չի նշվել Ռիմավիի դերի մասին` Իսրայելի տուրիզմի նախարար Ռեհավամ Զեեեւիի սպանության մեջ: Դրա համար «քաղբանտարկյալը» ցմահ ազատազրկման գումարած 80 տարվա բանտային կալանքի է արժանացել:

Զեեւին սպանվել էր 2001թ.` որպես վրեժ Պաղեստինի Ազատագրության ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարի սպանության համար: Ալ-Ռիմավին նախարարի վրա հարձակված չորս գրոհայիններից մեկն էր: