Թուրքիայի տարածքում ԱՍԱԼԱ-ի ամենանշանակալից գործողության մասնակիցներից Լեւոն Էքմեքչյանի դին Ֆրանսիա տեղափոխելու համար Էքմեքչյանի ընտանիքի պահանջին պատասխանել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Էքմեքչյանի էղբայրը՝ Համբարձում Էքմեքչյանը, փաստաբան Էրեն Քեսքինի միջոցով դիմել էր Թուրքիայի ՆԳ նախարարություն՝ հայտնելով, որ տեղեկություն կա, թե 1983 թվականի հունվարի 28-ին Անկարայում մահապատժի ենթարկված Լեւոն Էքմեքչյանի դին ամփոփված է Անկարայի Ջեբեջի Ասրի գերեզմանատանը։ Դիմումի մեջ նշվել է, որ Էքմեքչյանի ընտանիքը ցանկանում է դին տեղափոխել այլ վայր, թաղել համապատասխան ձեւով։
ՆԳ նախարարությունը դիմումն ուղարկել է Արդարադատության նախարարության միջազգային իրավունքի եւ հարաբերությունների գլխավոր վարչություն, սակայն այստեղ էլ Էքմեքչյանի ընտանիքի փաստաբանին հայտնել են, որ ըստ 2010 թվականի հունվարի 19-ին փոփոխված նոր օրենքի, գերեզմանների եւ դիակների տեղափոխման հետ կապված հարցերով պետք է դիմել քաղաքապետարաններին։
Թուրքական «Անադոլու» գործակալության հետ հարցազրույցի ժամանակ Էքմեքչյանի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը հայտնել է, որ առաջիկա օրերին այցելելու է Անկարա եւ դիմելու է քաղաքապետարան։
Նշենք, որ 1982 թվականի օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ» անձնասպան ջոկատը Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացրել է «Կարին» գործողությունը։ Գործողության ընթացքում վիրավոր ձերբակալվել է Լեւոն Էքմեքչյանը, իսկ ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանն ինքնասպան է եղել, երբ զինամթերքը վերջացել է։




























