Սաուդիան Արաբիայում պատժի առավելագույն ձեւի իրականացման մեթոդը` թրով գլխատումը կարող է փոխարինվել գնդակահարությամբ: Հատուկ հանձնաժողովը եկել է նման եզրակացության երկրում բարձրորակավորված դահիճների պակասի պատճառով:

Լրատվամիջոցների տվյալներով, հանձնաժողովում ընդգրկվել են ներքին գործերի եւ առողջապահության նախարարությունների, դատախազության, ոստիկանության եւ բանտերի վարչության ներկայացուցիչներ: Նախկինում նահանգապետերը լիազորություններ էին ստացել իրենց ցանկությամբ գլխատումը գնդակահարությամբ փոխարինելու:

Կառավարությունից հայտնել են, որ ներկայումս աշխատող դահիճները գերբեռնված են եւ չեն հասցնում ծավալների հետ:

Սաուդիան Արաբիայում Սահմանադրության դերը կատարում է Ղուրանը, իսկ քրեական օրենսգիրքը շարիաթի օրենքների հավաքածուն է: Ըստ այդ օրենքների, առավել ծանր հանցանքները պետք է պատժվեն հրապարակային գլխատմամբ: Սովորաբար Սաուդիան Արաբիայում տարեկան գլխատում են 50-ից 100 մարդու:

2003թ. BBC-ն ցուցադրել էր հարցազրույց դահիճ Մուհամադ Սաադ ալ-Բեշիի հետ: Նա նշել էր, թե մահապատիժը տեղի է ունենում վայրկենապես: Մուհամմադի խոսքով, ինքը մահապատժից առաջ այցելում է դատապարտյալի մերձավորներին եւ ներողություն խնդրում իր գործողությունների համար: