Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` մարտի 11-ին, ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ առավել քան քսանամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության արդյունքում կողմերի միջեւ համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրվել եւ կա երկկողմանի շահագրգռվածություն այն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Ֆրեյզերը նշել է, որ գնալով աճում է Միացյալ Թագավորության հետաքրքրվածությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցության սերտացմամբ եւ իր այցը եւս մեկ քայլ է այդ ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության կողմից տարիների ընթացքում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած աջակցությունը: Նախարարը նաեւ հավելել է, որ վերջին շրջանում հատկապես բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների ոլորտներում ակտիվություն է նկատվում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները:
Անդրադարձ է կատարվել միջազգային եւ տարածաշրջանային մի շարք կարեւոր խնդիրների: Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, իսկ փոխնախարար Ֆրեյզերը իր հերթին նշել է, որ Միացյալ Թագավորությունը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:



























