Լիբիայում կեղծ ալկոհոլից թունավորվելու հետեւանքով առնվազն 38 մարդ է մահացել, եւս 378-ը տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:
Թունավորման առաջին դեպքերը գրանցվել են այս շաբաթ, զոհերի թիվը անշեղորեն աճում է: Ինչպես հայտնում է Libya Herald պարբերականը, Լիբիայի հիվանդանոցները չեն հասցնում սպասարկել հիվանդներին եւ հիմա երկրի իշխանությունները քննարկում են հիվանդների մի մասին հարեւան Թունիս ուղարկելու տարբերակը:
Ենթադրաբար, թունավորման աղբյուրը տեղի ալկոհոլային «բոխա» անունով ըմպելիքն է, որն արտադրվել է Գարգարեշ քաղաքում: Տուժածների մեծ մասը 19-50 տարեկան տղամարդիկ են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պաշտոնապես Լիբիայում արգելված է ալկոհոլ վաճառել կամ օգտագործել, սակայն Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո երկրում սկսել է ակտիվորեն զարգանալ սեւ շուկան, որը ցանկացած քանակի ալկոհոլ, զենք ու թմրամիջոցներ էր մատակարարում մարդկանց:
2013 թվականի ընթացքում Լիբիայի ուժային կառույցները բազմիցս առգրավել եւ ոչնչացրել են ալկոհոլային խմիչքների խոշոր խմբաքանակներ:




























