Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանն այսօր` մարտի 11-ին, հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան եւ դեսպան Իվան Յեսթրաբը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ալեքսանդր Արզումանյանն օգտակար է համարել նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ տարբեր ձեւաչափերով համագործակցության խորացումը եւ ակտիվացումը:
Անդրադառնալով վերջերս Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչելու բանաձեւին՝ չեխական կողմը նշել է, որ դա Չեխիայի ԱԳՆ մոտեցումը չէ եւ ցավալի է, որ տեղի է ունեցել նման դեպք: Ելիշկա Ժիգովան նշել է, որ ընդունելով Մինսկի խմբի գործունեությունը՝ Չեխիան շարունակում է իր հավասարակշռված քաղաքականությունը եւ չի կարծում, որ նման հայտարարությունները կարող են օգտակար լինել:
Երկուստեք կարեւորվել է եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի որդեգրած ուղին, Հայաստան- ԵՄ ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչպես նաեւ ժողովրդավարության կառուցման ուղղությամբ բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը:
Ողջունելով Հայաստանի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին՝ Չեխիայի ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան երկրների վարչության պետը նշել է, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության շրջանակներում շատ ակտիվ համագործակցում է Եվրամիության հետ, եւ Չեխիան շահագրգռված է նպաստելու այդ համագործակցության էլ ավելի ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, ներքաղաքական իրավիճակին, քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:



























