Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունն արդեն ավելի քան 10 հայտ է ստացել Սփյուռքի հայոց լեզի եւ գրականության ուսուցիչներից  վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԿԳ նախարարության Սփյուռքի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը:

Նրա խոսքով` ներկայումս դիմել են ուսուցիչներ Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, սակայն մինչ վերապատրաստման ծրագրի մեկնարկը` հուլիսի 1-ը, ակնկալվում է, որ նոր հայտեր նույնպես կլինեն. «Ավանդաբար դիմում են Լիբանանի, Իրանի, Սիրիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հայ համայնքներից ուսուցիչներ, սակայն երբեմն դիմում են նաեւ այլ համայնքներից»:

Հաճախ ճանապարհածախսն իր վրա է վերցնում համայնքը, իսկ Հայաստանի պետբյուջեն ֆինանսավորում է ուսուցիչների կեցությունն ու ուսուցումը: Զալինյանի խոսքով`շատ հաճախ ԱՊՀ երկրներից ուսուցիչները գալիս են իրենց հաշվին:

Նշենք, որ այս տարի վերապատրաստման դասընթացները նախատեսվում է  անցկացնել երկու եղանակով. մեկ ամսվա ընթացքում Հայաստնում եւ օնլայն ռեժիմով:  Այս տարի նախատեսված է  նաեւ «Տարրական ուսուցման մեթոդիկա եւ տարրական կրթության կազմակերպում» ծրագիրը:  Դասընթացին մասնակցած ուսուցիչներին կտրվեն ԿԳ նախարարության սերտիֆիկատներ, ինչպես նաեւ ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր եւ այլ նյութեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԿԳ նախարարությունը Սփյուռքի ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ է իրականացնում 2000թ-ից: Դասընթացների շրջանակում ուսուցիչները հնարավորություն են ունենում հանդիպել նաեւ  հասարակական եւ պետական գործիչների հետ, ծանոթանալ հայրենիքի պատամամշակութային ժառանգությանը: