Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ԱԳՆ շենքի դիմաց կկայանա ցույց` ի պաշտպանություն ՀՀ քաղաքացի, խոշոր գործարար Մերաբ Ալոյանի (Սուսլովի), ով Ուկրաինայում առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է ցմահ բանտարկության, հայտնում է «Հելսինկյան ասոցիացիան»:
Մ. Ալոյանի փաստաբանների եւ Հայաստանում նրա պաշտպանությամբ զբաղվող «Հելսինկյան ասոցիացիայի» համոզմամբ՝ Ուկրաինայում խախտվում են Մերաբ Ալոյանի իրավունքները. կալանավայրում նրան պարբերաբար ենթարկում են խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, հնարավորություն չեն տալիս, որպեսզի տեսակցի իր փաստաբանների հետ, մեղադրանքը հիմնված է ոստիկանության կողմից ծեծի ենթարկված վկաների, այդ թվում նաեւ չբացահայտված անձանց ցուցմունքների վրա:
«Այս փաստերի վերաբերյալ արդեն երկու տարի է, ինչ Ուկրաինայի լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում են տեղեկատվություն: Այդուհանդերձ, Ուկրաինայում ՀՀ դեսպանը ցուցաբերում է անգործություն: Հայաստանի Հանրապետության Հյուպատոսական ծառայության մասին օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, օտարերկրյա պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է հետեւել, որպեսզի կալանավորված ՀՀ քաղաքացու նկատմամբ պահպանվեն նստավայր պետության օրենքները եւ Հայաստանի Հանրապետության եւ տվյալ պետության միջեւ կնքված պայմանագրերի դրույթները: Նույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է շահագրգիռ անձանց խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ այցելել կալանավայրերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հետեւել, որպեսզի այդ քաղաքացիները չենթարկվեն դաժան եւ մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի: Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանում իր քաղաքացու իրավունքները արտասահմանում:
Ցույցը կազմակերպվում է Հայաստանի եզդիների ազգային միության, Մ. Ալոյանի համակիրների, բարեկամների եւ ընկերների կողմից»,-ասված է «Հելսինկյան ասոցիացիայի» հաղորդագրության մեջ:



























