Մարտի 13-ին Բունդեսթագում ներկայացված տարբեր կուսակցությունների պատգամավորների հետ հանդիպումով մեկնարկել է ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բեռլին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբադյանը, գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա սերտ համագործակցությունը՝ օրենսդիր մարմինների ղեկավարների փոխայցելությունները, միջխորհրդարանական  բարեկամության խմբերի գործունեությունը, փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում։

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Նույն օրը երեկոյան ՀՀ արտգործնախարարը հյուրընկալվել է Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդում, որտեղ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, պատասխանել ներկա ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքագետների եւ լրագրողների բազմաթիվ հարցերին: